Հայոց ցեղասպանության հետևանքները:

Հայ ժողովուրդն արդեն մի քանի տասնամյակ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար: Այդ ժամանակամիջոցում ծավալված պայքարի արդյունքում տարբեր երկրների խորհրդարանների և միջազգային կազմակերպությունների կողմից ընդունվել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևեր, որոնք չափազանց կարևոր են, քանզի դրանցով սկզբունքային գնահատական է տրվել կատարվածին, այն որակելով իբրև Ցեղասպանություն: Սակայն, չնայած այդ ամենին, Թուրքիան պետական մակարդակով շարունակում է ժխտել հայերի նկատմամբ կատարված հանցագործությունը: Տվյալ պայմաններում ակնհայտ է դառնում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարելով անհնար է հասնել հարցի վերջնական հանգուցալուծմանը և վաղուց հասունացել է ժամանակը պայքարելու այդ հանցագործության հետևանքների հաղթահարման ու հատուցման համար, ինչն ինքնին իր մեջ ներառում է այդ հանցագործության ճանաչումն ու դատապարտումը: Այս ուղղությամբ արդեն իսկ կատարվեց առաջին լուրջ քայլը, երբ 2015 թ. հունվարի 29-ին հենց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրի մոտ Հայաստանի նախագահը պաշտոնապես հրապարակեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը»: Այդ փաստաթղթով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովն ու Սփյուռքում գործող տարածաշրջանային հանձնախմբերը, հանդես գալով համայն հայության անունից, հայտարարեց, որ այդ պահից ի վեր մեկնարկում է հայ ժողովրդի միասնական պայքարը ոչ միայն Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչմանը հասնելու, այլև ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար:

Оставьте комментарий