Բուխարեստի և Ադրիանապոլսի հաշտության պայմանագրերը

Բուխարեստի պայմանագիր, ռուս-թուրքական 1806-1812 թվականների պատերազմից հետո Օսմանյան Թուրքիայի և Ռուսական կայսրության միջև կնքված հաշտության պայմանագիր է։ Հաշտությունը մի կողմից ստորագրել է ռուս գեներալ Միխայիլ Կուտուզովը, իսկ մյուս կողմից՝ մոլդովահայ ազդեցիկ գործիչ Մանուկ Բեյը 1812 թվականի հուլիսի 5-ին՝ Մոլդովական իշխանության Բուխարեստ քաղաքում։

Ըստ Բուխարեստի պայմանագրի՝ Պրուտ և Դնեստր գետերի միջև ընկած Մոլդովական իշխանության արևելյան շրջանները (ավելի քան 45 հազար քառակուսի կիլոմետր տարածքով) անցնում էր Ռուսական կայսրությանը (նախկինում Մոլդովան համարվում էր Օսմանյան Թուրքիայի վասալը): Ռուսաստանը նաև հստակ ձևակերպումներով պաշտպանում էր Դանուբի նկատմամբ իր իրավունքները։

Պայմանագրի 8-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր տարածք հատկացնել և ինքնավարություն շնորհել Սերբիային։ Այնուամենայնիվ, Բուխարեստի պայմանագրի ստորագրմամբ Ռուսաստանը հերթական անգամ ոտնահարում է հայ և վրաց ժողովուրդների ազգային շահերը։ Մոլդովայի դիմաց ռուսները Թուրքիային են հանձնում արևմտյան Վրաստանի մեծ մասը, Փոթի և Անապա նավահանգիստները, ինչպես նաև Ախալքալաքի շրջանը։

Պայմանագիրը կողմերի միջև ստորագրվում է մայիսի 28-ին և ուժի մեջ մտնում հուլիսի 5-ին։

Ադրիանապոլսի պայմանագիր, կնքվել է 1829 թվականի սեպտեմբերի 2-ին, 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո։ Համաձայն պայմանագրի՝

  • Ռուսական կայսրությանն էր անցնում Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով
  • Ռուսական կայսրությանն էր անցնում Ախալցխան ու Ախալքալաքը
  • Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված մյուս գավառները վերադարձվում էին օսմանյան Թուրքիային

Բաղկացած է 16 հոդվածից և մեկ առանձին ակտից։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով Ռուսաստանին անցան Դանուբի գետաբերանն իր կղզիներով, Սև ծովի կովկասյան ափերը՝ Կուբանի գետաբերանից մինչև Աջարիայի հյուսիսը՝ Անապա և Փոթի նավահանգիստներով, Ախալցխայի փաշայությունը՝ Ախալքալաք և Ախալցխա բերդերով։ Ռուսահպատակներին իրավունք վերապահվեց ազատ առևտուր անել Թարքիայում, ռուսական և օտարերկրյա առևտրական նավերին թույլատրվեց անարգել անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Թուրքիան պարտավորվեց 1,5 տարում վճարել 1,5 միլիոն հոլանդ, գուլդեն ռազմատուգանք, ճանաչեց Հունաստանի, Մոլդավիայի, Վալախիայի ու Սերբիայի ինքնավարությունը։

Оставьте комментарий